Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչապետի այցի։
«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար»,- հայտնել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ հույսը դնում է «Save Armenia» կազմակերպության աջակցության վրա։ Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կդառնա այս կազմակերպության օրակարգը։
«Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ արվել է մինչ օրս, և հույս ունենք ձեր աջակցությունը շարունակական կլինի և դուք ավելի ու ավելի կկենտրոնանաք, մասնավորապես, խաղաղության օրակարգին աջակցելու վրա: Հույս ունենք, որ մեր խաղաղության օրակարգը կդառնա նաև ձեր օրակարգը, ինչը կարծում եմ` կծառայի գլոբալ բարգավաճմանը, ժողովրդավարության գլոբալ հաղթանակին, ազատությանն ու երջանկությանը»,- ընդգծել է նա։
ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման հունվարի 14-ի արարողության ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը «խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը» Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։