Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալուն, ՀՀ-ի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Անիմաստ են քննարկումներն այն մասին, որ ԵՄ-ին անդամակցելու հետ միաժամանակ՝ Հայաստանը հնարավորություն ունի պահպանել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ում։ Սա ազդանշան է մեզ համար առ այն, որ ԵՄ-ին միանալու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է։ Եվրոպական երկրների հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում ԵԱՏՄ պետությունների հետ»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։
Նա նշել է, որ մոլորություն է կարծել, թե հնարավոր է միաժամանակ և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ լինել։
«Այն մարդիկ, ովքեր հիմա Հայաստանում պնդում են, թե, իբր, հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել, նրանք, մեղմ ասած, մոլորության մեջ են գցում հայ ժողովրդին»,- ասել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի հիմնական շահառուն է, և 2024-ի ընթացքում ՀՀ-ի ու ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառության ծավալը կազմել է 12 մլրդ դոլար՝ զգալիորեն գերազանցելով ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությանը:
Օվերչուկը նաև ասել է, որ Մոսկվան զգալի առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործում: Նա նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանանազատման հարցում առաջընթացը։
«Շատ մեծ, լավ առաջընթաց է գրանցվել։ Սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Այժմ նրանք (Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը-խմբ․), որքանով ինձ հայտնի է, վերջերս հանդիպել են, պայմանավորվել սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Իրանի հետ Ադրբեջանի սահման»,- նշել է Օվերչուկը։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։
Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։