Իշխանությունները չեն կարողանում ԲԴԽ գիտնական անդամների գտնել «Քաղաքացիական պայմանագրի» շրջապատից, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ԲԴԽ-ում գիտնական անդամի 3 պաշտոն ամիսներ շարունակ թափուր է, ու քաղաքական իշխանությունը չի կարողանում գտնել գիտնական անդամների, որ կարողանա ներկայացնել ԱԺ պատգամավորներին։
Թերթը հիշեցրել է, որ 2024 թվականի հունիսի 24-ին ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը լքել էր պաշտոնը՝ ժամկետը լրանալու հիմքով, հոկտեմբերի 23-ին ԲԴԽ գիտնական Հայկ Գրիգորյանն ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հեռանալով ԲԴԽ-ից, իսկ ամենավերջին գիտնականը վարչապետ Նիկոլ Փաշինյանից SMS ստացած ու ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացած Կարեն Անդրեասյանն էր։
Անդրեասյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրը Փաշինյանը նշել էր Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականների պատճառը։
ՔՊ վարչությունը իշխող կուսակցության անդամ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել էր նոյեմբերի 5-ին։ Նրա անունը նաև Արդարադատության նախարարի թեկնածուների ցանկում էր։
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանն Armenia Today-ին ասել էր, որ խմբակցությունն այս պահին չի կարող ԲԴԽ անդամի որևէ թեկնածու նշել։