Հայաստանը հավատարիմ է Հնդկաստանի հետ համագործակցության ամրապնդմանը, Հանրապետության տոնի առթիվ իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին հղած շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերահաստատելով մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման անսասան հանձնառությունը՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի միջոցով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները», – ասել է Փաշինյանը։
Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կօգնեն բացել համագործակցության նոր հորիզոններ և ուղղություններ։
Հունվարի 26-ին Հնդկաստանը նշում է Հանրապետության օրը՝ ի հիշատակ 1950 թվականին երկրի սահմանադրության ընդունման և Հնդկաստանի՝ բրիտանական տիրապետության կարգավիճակից հանրապետության անցման։