Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:
Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին ստորագրել էին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը Վաշինգտոնում ստորագրել էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հունվարի 15-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել էր Հայաստանի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ ՀՀ ԱԳՆ-ն, իր հերթին, մանրամասն տվյալներ էր ներկայացրել, թե ինչ է պարունակում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։