ԲԴԽ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ հրաժարվում է իր թեկնածությունից, լրագրողներին հայտնել է ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը։
Նա պարզաբանել է, որ Սիրունյանն այս քայլին գնացել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության պատճառով։
«Իրավիճակը պարզելուց հետո կմեկնաբանենք, եթե կարիք լինի»,- նշել է Կոնջորյանը և հավելել, որ նոր թեկնածու դեռ չեն առաջադրել։
Այսօր ավելի վաղ Սիրունյանը լրատվականներին հայտնել էր, որ «կամովի, քննարկումների արդյունքում» հրաժարվել է թեկնածությունից։ Նա հավելել էր, որ որոշումը կայացրել է երկու պատճառով՝ գույքային հարցի շուրջ քննարկումների և ընկերությունում իր ներգրավածության հետ կապված։
«Գտնում եմ, որ այդ չվերացված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չէ, և դա վնասելու է մեր դատարանի իմիջին ու դատավորի կարգավիճակին»,- Սիրունյանին է մեջբերել կայքը։
ՔՊ վարչությունը Սիրունյանի թեկնածությունն առաջադրել էր նոյեմբերի 5-ին։ Նրա անունը նաև Արդարադատության նախարարի թեկնածուների ցանկում էր։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականների պատճառը։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։
Նոյեմբերի 22-ին վարչապետը մանրամասներ էր ներկայացրել ուժային կառուցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականների պատճառների մասին: Նա հայտարարել էր, որ պաշտոնյաներին փոխարինելը միանձնյա որոշում էր, և այդ հարցը թիմակիցների հետ չի քննարկել։ Փաշինյանը տեղի ունեցած կադրային փոփոխությունները որակել էր «ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնյաների աշխատանքը: