Մոսկվան հայ-ադրբեջանական կարգավորման հարցում մեկ դիրքորոշում չի ընդունում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման Բաքվի մոտեցումների հետ հնարավոր սինխրոնիզացիայի մասին լրագրողի հարցը։
Ռուս նախարարն ընդգծել է, որ Մոսկվան մասնակցում է հարաբերությունների կարգավորմանը «հենց այնքանով, որքանով այդ մասնակցությունը պահանջում են Երևանն ու Բաքուն՝ ոչ ավել, ոչ պակաս»։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ։
«Եվ մենք դրանում շահագրգռված ենք՝ ի տարբերություն այն երկրների, որոնք գտնվում են Հարավային Կովկասից հեռու և առաջ են քաշում մի օրակարգ, որն ուղղված է այստեղ լարվածությունը երկար պահպանելուն։ Նրանք ակնկալում են, որ այս լարվածության շրջանակներում կկարողանան ավելի արդյունավետ կերպով առաջ տանել իրենց աշխարհառազմավարական շահերը»,- նշել է Լավրովը։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրամիությանը և Հայաստանին մեղադրել էր «Բաքվի թիկունքում» եվրոպացի դիտորդների մանդատը երկարաձգելու մեջ։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին հույս էր հայտնել, որ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Հոկտեմբերի 23-ին Միրզոյանը հայտնել էր, որ Բրյուսելը դիտարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը։