Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը Վաշինգտոնում ստորագրել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Բլինքենը փաստաթղթի ստորագրումն անվանել է «նշանակալի անկյունաքարային ձեռքբերում երկու երկրների հարաբերություններում»։
«Հայաստանի հետ համագործակցում ենք անվտանգության և պաշտպանության ոլորտներում, մասնավորապես՝ միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնավարության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում»,- ասել է նա։
Բլինքենը հավելել է, որ հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմը կուղևորվի Հայաստան, որպեսզի հայ գործընկերների հետ աշխատի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։
Ընդգծելով Երևանի և Վաշինգտոնի միջև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը և Հայաստանի խաղաղապահ կարողությունների ընդլայնումը, ինչպիսին են Eagle Partner զորավարժությունները, Բլինքենն ասել է, որ այս ամենն ուժեղացնում է Հայաստանի կարողությունը՝ լինել ուժեղ գործընկեր և վերահսկել իր սահմանները:
ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Վաշինգտոնի գլխավորած «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը հիմք է տալիս ընդլայնելու երկկողմ համագործակցությունը տնտեսության, անվտանգության, պաշտպանության, ժողովրդավարության, արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների ոլորտներում։
Նշելով, որ վերջին տարիներին կողմերն ընդլայնել են համագործակցությունը տնտեսության, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում, պետքարտուղարն ասել է, որ Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են բանակցություններ սկսել խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ։
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։