Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի առաջարկի նկատմամբ։
«Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը Բաքվից ակնկալում է նմանատիպ (կառուցողական-խմբ) մոտեցում։
«Բայց նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»,- հայտարարել է նա։
Վարչապետի խոսքով՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է, և Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Օգոստոսի 15-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը քննարկելու պատրաստակամության մասին։
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում իր ելույթում ասել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները տարածաշրջանում զգալի առաջընթաց են գրանցել, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը, նրա խոսքերով, ունի «վնասակար հավակնությունների պատանդ» դառնալու հատկություն։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում իր ելույթում հայտարարել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և Բաքվի հետ համաձայնագրի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ առաջընթացի մասին։