Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին կազմակերպությունից դուրս գալու հարցով, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է Interfax-ը։
«Հայաստանի ղեկավարության կողմից պաշտոնական դիմում չենք ստացել։ Հայտարարություններ չեն եղել, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այդ կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ չի ստացվել, ես անձամբ չեմ տեսել դրանք»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Սիդորովը։
Նա հավելել է, որ կազմակերպության ներսում նույնպես խոսակցություններ չկան այն մասին, որ ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ կամ ծրագրում է հեռանալ Հայաստանից։
«Այն, որ Հայաստանը որոշակիորեն սահմանափակ մասնակցություն է ունեցել 2023 թվականին անցկացված համատեղ միջոցառումներին, համարում ենք, որ ցանկացած իրավիճակ կարող է ստեղծվել երկրում, և այստեղ մենք տվյալ երկրի որոշումները չենք քննարկում։ Հայաստանը մասնակցում է օրենսդրական գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի վերանայմանը, հետևաբար՝ գործընթացը շարունակվում է»,- ասել է Սիդորովը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ավելի ուշ Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովից հրաժարված Փաշինյանին խորհուրդ էր տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։
Բերման են ենթարկել գիշերազգեստով ու հողաթափերով․ Խամոյանը մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի ձերբակալության մասին
Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին բերման են ենթարկել ու կալանավորել գիշերազգեստով ու հողաթափերով, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մանրամասնելով...