Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Մոսկվայում, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե փոփոխություններ չլինեն»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը որոշ չափով կլինի Բրյուսելի հանդիպման տրամաբանական շարունակությունը, սակայն «յուրաքանչյուր ձեւաչափ ունի իր առանձնահատկությունները»։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։
Մայիսի 9-ին Հովհաննիսյանը հայտարարել էր նաև, որ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններից հետո։ «Այն, որ բանակցությունները շարունակվում են նման ինտենսիվությամբ, արդեն լավ նշան է»,- հավելել էր նա։
Ավելի վաղ Եվրախորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր նաև Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ։ «Առաջնորդները պայմանավորվել են մայիսի 14-ին կրկին եռակողմ հանդիպում անցկացնել Բրյուսելում»,- ասվում էր զեկույցում։