Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն Հայաստանի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած անձի անհարգալից վերաբերմունքին՝ անկախ նրանից, թե որ երկիրն է ներկայացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» ՆԳՆ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու որոշումը։
Դիտարկմանը, որ այս որոշումը կարող է լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունների համար գլխավորը սահմանների պաշտպանությունն է։
«Անվտանգության համակարգը, որին անդամակցում է Հայաստանը, ակնհայտ խնդիրներ է դրսևորել։ Իսկ ով կարձագանքի, կնեղանա, թե ոչ, սա ինձ քիչ է անհանգստացնում, մեզ համար գլխավորը մեր սահմանների պաշտպանությունն է։ Մեր գործընկերները պետք է կատարեն իրենց պարտավորությունները»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արգելվել է Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Մարգարիտա Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ իրեն նույնպես արգելել են մուտք գործել Հայաստան։