ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ներկայացրել է բանաձև, որը դատապարտում է Հայաստանի դեմ ադրբեջանական ստորաբաժանումների անօրինական հարձակումը։ Բանաձևով Միացյալ Նահանգներին կոչ է արվում անհապաղ դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը:
Երկկուսակցական բանաձևով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արվում պաշտոնական որոշում կայացնել «Մագնիտսկու օրենքի» համաձայն ադրբեջանցի պաշտոնյաներին պատժամիջոցների ենթարկելու վերաբերյալ:
«Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերսկսումը և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները մարդկային կյանքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի սարսափելի դրսևորում են»,- ասել է Մենենդեսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: