Թուրքիան չի ճանաչում Ուկրաինայի վերահսկվող տարածքներում Ռուսաստանի կողմից անցկացված հանրաքվեի արդյունքները, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը NTV հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Anadolu-ն։
Ըստ Կալինի, Անկարայի դիրքորոշումը Դոնեցկի և Լուգանսկի հարցում նույնն է, ինչ Ղրիմի հարցում։
«Մենք չենք ճանաչում Ուկրաինայում անցկացվող միակողմանի հանրաքվեների նախաձեռնությունը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել 2014 թվականից ի վեր, երբ մենք չճանաչեցինք Ղրիմի հանրաքվեի արդյունքները»,- ասել է Կալինը։
Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչը հիշեցրել է, որ Անկարան ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Այս պատերազմում մենք Ուկրաինայի կողքին ենք։ Թուրքիան միակ երկիրն է, որը ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայում հակամարտությունը Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի պատճառով կարող է ձգձգվել։
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում սեպտեմբերի 23-ին սկսվել են հանրաքվեները՝ շրջանները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։ Քվեարկությունը կտևի 5 օր՝ մինչև սեպտեմբերի 27-ը, և կանցկացվի ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ բնակելի տարածքներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։