Մայիսի 5-ին ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ը։
Հանդիպմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի։
Կողմերը գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան երեսունամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական ոլորտի զարգացմանը ԱՄՆ կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությանը։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բոբ Մենենդեսի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում, ինչը կարևոր նշանակություն ունի արդարության և մարդասիրության արժեքների գերակայության ապահովման, և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։