Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Երևանում անցկացվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է, որ ինքն ու իր ըներներն զգում են իրենց ինչպես տանը։
«Շատ ընկերական, հյուրասեր միջավայրում ենք զգում մեզ, այդ ընկերությունը վայելում ենք, այդ բաց ընդունելությունը նկատելի է հայկական կողմից։ Եվ կառուցողական առաջարկներ ենք ստեղծում երկու կողմից»,- լրագրողներին նշել է նա։
Ավելի ուշ պանելային քննարկման ժամանակ նա ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում ձևակերպումն, իրականում, վստահության ամրապնդում է։
«Բոլոր քայլերը փորձում ենք անել, որ լիովին կարգավորվեն հարաբերությունները մեր երկու երկրների միջև, բայց չեք կարող հայ-թուրքական կարգավորման գործընթացն առանձնացնել ընդհանուր տարածաշրջանային կապակցվածության ջանքերից»,- նշել է նա։
Քըլըչի խոսքով՝ չի կարելի կապակցվածությունը միայն տրանսպորտով, հաղորդուղիներով, երկաթուղիներով սահմանափակել, ավելի կարևոր ոլորտներ կան, որտեղ կողմերի ջանքերը պետք է ներդնել՝ համացանցային, տրանսպորտային, օդային։
«Վերջերս համաձայնագիր ենք ստորագրել հայկական ընկերությունների հետ, որպեսզի ավելի լավ ծառայություններ մատուցենք հայ ժողովրդին, մենք պետք է ավելի լայն մոտեցում ունենանք կապակցվածության հաղորդուղիների այս գաղափարին, ավելի ընդլայնված մոտեցում ունենանք հաստատելու խաղաղություն և կայունություն այս տարածաշրջանում»,- շեշտել է նա։
Հայաստանը և Թուրքիան Երևանում ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել էին Անիի պատմական կամրջի վերականգնման մասին արձանագրություն։
Կամրջի վերականգնման վերաբերյալ քննարկումներն ընթանում էին 2023 թվականից՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի ժամանակից ի վեր։
Անիի կամուրջը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այն ունի կարևոր պատմամշակութային նշանակություն և համարվում է միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշ։





































