«Մեր ձևով» շարժումը վարչապետի իր թեկնածուին կհայտարարի շարժման հիման վրա քաղաքական ուժի ստեղծման օրը՝ 2026 թվականի սկզբին, հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ շարժման եզրափակիչ հանդիպումից հետո։ Նրա մամուլի ասուլիսը ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Նա հավելել է, որ «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնած քաղաքական ուժի առաջնորդը կլինի հայ հասարակության համար ընդունելի անձնավորություն։ Պատասխանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին հարցին՝ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի նախկին չորս առաջնորդներից որևէ մեկի իշխանության գալը հարցականի տակ կդնի երկրի միասնությունը։
«Հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուս մասը՝ մյուսին։ Մենք չենք կարող հասնել հասարակական համերաշխության մեր երկիրը ղեկավարած չորս առաջնորդներից յուրաքանչյուրի՝ պաշտոնն ստանձնելու դեպքում։ Մեր երկրին պետք է նոր ղեկավար, ով չունի հասարակական հակակրանքի բեռ»,- ընդգծել է նա։
Կարապետյանը հավելել է, որ շարժումը չի ցանկանում գնահատական տալ նախկին առաջնորդներին։
«Թող պատմությունը գնահատական տա՝ ով ինչ է արել և ով ինչ չի արել, սակայն երկիրը պետք է ունենա նոր, հինգերորդ առաջնորդ՝ նոր ազգանվամբ»,- ասել է շարժման համակարգողը։
Մեկնաբանելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նա հայտնել է, որ ՀԷՑ-ի սեփականատերերը չեն բանակցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետ գույքի սեփականության փոխանցման վերաբերյալ։
«Կա միջազգային դատարանի որոշում, որը ՀՀ պետության ղեկավարի ցանկությամբ չի կատարվում։ Դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային իրավական պրոցեսների կատարման ուղղությամբ իր վերցրած պարտավորություններն առաջին անգամ չի կատարում։ Դրա պատասխանատվությունն իշխող, որոշում կայացնողի վրա է, որի հետևանքները ժամանակի ընթացքում, ցավոք, ՀՀ-ն ստիպված է լինելու կրել»,- հայտարարել է Կարապետյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
Նա նշել է, որ իրենք չեն քննարկում ՀԾԿՀ-ի հետ որևէ բանակցություն, քանի որ արդեն կա միջազգային արբիտրաժային որոշում, որը պետք է կասեցնի այս գործընթացները։
«Իհարկե, Աջափնյակի դատարանն էլ կարևոր ինստանցիա է, բայց միջազգային արբիտրաժային որոշումն արդեն կա, և պետությունը պետք է կատարի, որովհետև դրա հետևանքները կարող են խնդրահարույց լինել»,- հավելել է Կարապետյանը։
«Մեր ձևով»-ի համակարգողը նաև Armenia Today-ին մեկնաբանել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Ռազմական ոստիկանությունը հարցումներ է ուղարկել բժշկական կենտրոններ՝ փորձելով պարզել, թե արդյոք նա բուժո՞ւմ է ստացել այնտեղ, և եթե այո, ապա ե՞րբ և ի՞նչ պատճառով։
«Ես շնորհակալ եմ, որ իմ առողջությունը կարևորվում է այդքան, որ հետաքրքրվում են։ Ուրախ կլինեմ, որ իրենք էլ հետևեն և ավելի աչալուրջ լինեն»,- հայտարարել է Կարապետյանը։



































