Ազատ գյուղում գտնվող՝ ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի գործով մեղադրյալը՝ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն, դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման, հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Ըստ գերատեսչության տվյալների՝ Ռ․Մ․-ն, լինելով վաշտի հերթապահ, 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 00:30-01:00-ն ընկած ժամանակահատվածում պարտականություն ուներ վառարանը վառել և հետևել, սակայն բացակայել էր կացարանից` հեռախոսով խոսելու նպատակով:
Բացակայելու պատճառով Ռ․Մ․-ն չի կանխել ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի առերևույթ վտանգավոր գործողությունները, իսկ դրանից հետո ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում անձնակազմը, սպառազինությունը և նյութական այլ միջոցները փրկելու համար, ինչը անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:
Կացարանում գտնվող նույն վաշտի պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել մարել հրդեհը և կացարանից դուրս գալ չկարողանալով՝ մահացել են, իսկ երեքը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ:
Ավելի վաղ Ազատի զորամասում տեղի ունեցած հրդեհից այրված 15 զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում էին զորամասի հրդեհի արդար քննություն՝ չհավատալով մինչ այժմ հնչած վարկածներին։
ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայող վիրավորվել էր:



























