«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ՝ զրպարտության և վիրավորանքի համար, տեղեկանում ենք Datalex-ից։
Կարապետյանը պահանջում է հրապարակային ներողություն, հերքման հանրամատչելի և բոլորին տեսանելի գրառում Facebook-ում և 9 միլիոն դրամ փոխհատուցում։
Պահանջում նշված է, որ սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում Կարապետյանի պաշտպանական խումբը պահանջում է պարտավորեցնել Բաղդասարյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը։
Գործը մակագրված է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սերինե Խաչատրյանին։
Բաղդասարյանն իր էջում բազմիցս քննադատել է ռուսական սփյուռքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ Կարապետյանին և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ տարածելով նրանց մասին տարբեր տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում փաստերով։
Հուլիսի 9-ին Կարապետյանը հայց էր ներկայացրել Բաղդասարյանի դեմ։
Արցախի ԱԱԾ-ն 2021թ. քրեական գործ էր հարուցել բլոգերի դեմ՝ կեղծ հաղորդում ներկայացնելու հատկանիշներով։ Գործը հարուցվել էր Բաղդասարյանի մասնակցությամբ տեսագրության ստուգումից հետո, որտեղ նա պնդել էր, թե Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու նախկին գեներալները, իբր, 2020թ․ պատերազմի ժամանակ սպանություններ էին կատարել, ինչպես նաև հրամաններ էին տվել այդ սպանությունների վերաբերյալ։
Հուլիսի 4-ին Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար դատական հայցեր էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեմ՝ յուրաքանչյուրից պահանջելով 9 մլն դրամ, հուլիսի 8-ին դատական հայց էր ներկայացրել ՀՀ վաևրապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ։
Կարդացեք նաև՝