Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արամայիս Միրզոյանին օրերս կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակով հարցաքննության, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Լրատվամիջոցը մանրամասնել է, որ իրավապահները փորձել են պարզել նրա առնչությունը սեփական բենզալցակայանում մարտի 22-ին կատարված սպանության դեպքի վերաբերյալ:
Բենզալցակայանի տեսանկարահանող սարքի հիշողության կրիչն անհետացել է, և իրավապահները փորձում են հասկանալ՝ որտե՞ղ է այն, իսկ գազալցակայանի աշխատակիցները բացատրել են, թե սարքը կրիչ չուներ։ Իրավապահները կասկածներ ունեն հիշողության կրիչը միտումնավոր ոչնչացնելու վերաբերյալ, նշել է թերթը։
Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել պաշտոնից, ինչին նախորդել էր նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանությունը։ Մամուլի տեղեկություններով՝ իրավապահները կասկածներ ունեն, որ սպանությանը մասնակից է Գասպարյանի ամուսինը։ Քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր, որ գազալցակայանում սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից թաքցրել է հանցագործություններ՝ սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024-ի հուլիսի 15-ին Գասպարյանին ենթարկել էր վարչական պատասխանատվության 300 000 դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։