Հուլիսի 26-ին երկու ամսով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ, Armenia Today-ին հայտնել է նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Նա հավելել է, որ դատարանը բավարարել է իր բողոքը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել է, որ անհիմն է Առաջին ատյանի դատարանի որոշումը»,- ասել է փաստաբանը։
Սարգսյանը տեղեկացրել է, որ այս պահին մտնում է Արմավիր քրեակատարողական հիմնարկ, որտեղից պետք է պաշտպանյալին ազատ արձակեն։
Ավելի ուշ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նույն գործով կալանավորված Արա Ռոստոմյանի պաշտպանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։
Հակոբյանը կալանավորվել էր այսպես կոչված «Հեղաշրջման պլանի» գործով։ Նույն գործով դատարանը երկու ամսով կալանավորել էր ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, նրա 14 աջակցի, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին: