ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի, իրացման բաժնի տնօրենի պաշտոնից ազատված Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` իրեն ազատելու հրամանը անվավեր ճանաչելու և պաշտոնավարման վերականգնման պահանջով, Armenia Today-ին հայտնեց Ղազինյանը։
«Իմ փաստաբանական խումբն այսօր դիմել է դատարան, քանի որ իմ ազատման հրամանն ապօրինի է։ Հայցի բավարարման հավանականությունը գնահատում եմ 100%՝ անգամ դատական համակարգի մասին մեր ունեցած վատ պատկերացման պայմաններում»,- պարզաբանեց Ղազինյանը։
Նա շեշտեց, որ ազատման որոշումը «շատ ապօրինի» է, և հավելեց՝ «վստահ է՝ դատական համակարգում դեռ կան անաչառ դատավորներ»։
Նրա ազատման դիմումը հուլիսի 21-ին ստորագրել էր ՀԷՑ-ում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։ Մինչ հրամանը ստորագրելը Պետրոսյանը լրագրողներին հայտնել էր, որ մտադիր է գործից ազատել Ղազինյանին՝ վստահության բացակայությամբ հիմքով, այն բանի համար, որ նա պետականացման գործընթացը գնահատել է «ապօրինի»։
Հուլիսի 23-ին հայտնել էինք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը՝ ՀԷՑ ընկերության պետականացման հարցով։ ՀՀ կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Եկեղեցուն աջակցելու մասին հայտարարությունից հետո գործարար Կարապետյանին կալանավորելուն հաջորդել էր իշխանությունների հայտարարությունը ՀԷՑ-ի պետականացման գործընթաց սկսելու մասին: Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել էր ներդրումային վեճ սկսելու մասին:
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացումը ապահովող օրենքները։
Կարդացեք նաև՝