ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվածը Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետն էր, հայտնում է «Հրապարակ» թերթը:
Այսօր ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ ԱԱԾ-ն բացահայտել է Խորխոռունու սպանությունը, որ տեղի էր ունեցել 1998 թվականին։ Ըստ հրապարակման՝ Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն նույն տարվա դեկտեմբերի 10-ին Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ իրականացրել են Խորխոռունու սպանությունը։
Ըստ թերթի՝ Ս․Ա․-ն Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանն է, իսկ Հ․ Ն-ն՝ Հրայր Նարիմանյանը, որն արդեն դատվել է Արմեն Առաքելյանի սպանության համար, իսկ Ա. Ա.-ն Արմեն Առաքելյանն էր՝ Նարիմանյանի ծանոթը, «Ույուտ» կոոպերատիվի տնօրենը, որը հետագայում սպանվել է:
Ավելի ուշ Բաբայանը Factor.am-ին հերքել է, որ Առուշանյանն իր թիկնազորի պետն էր։ Նրա խոսքով՝ ինքն զիկնապահ չի ունեցել, որ թիկնազորի պետ ունենար։ Բաբայանը նշել է, որ Առուշանյանը շտաբի ծառայող էր, սպա։ «1999 թվականի սեպտեմբերին այդ մարդուն գործից ազատել եմ, Հայաստանից եկել են իր հետևից, ձերբակալել, բերել են ՀՀ՝ քննության, ինչ-որ մութ գործով։ Ինձ որ ձերբակալում են, այդ մարդուն բաց են թողնում։ Ես հիմա մի բան կարող եմ ասել, որ իմ անունի հետ կապելը հանցագործություն է»,- ասել է նա։
Բաբայանը նաև հավելել է, որ ճանաչում է Նարիմանյանին, ով իր պաշտոնավարման ժամանակ բանտարկվել էր զենք գողալանու համար։