Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է, «Արմենպրես»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ ՔԿ-ի՝ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հակոբյանը 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում)։