Փաստաբան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնել հուլիսի 11-ին կալանավորված Լիանա Հարությունյանի և կալանավայրում նրա հետ գտնվող 8 ամսական երեխայի՝ Ջուլիայի վիճակի մասին։ Փոստանջյանը նշել է, որ հուլիսի 13-ին այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու Հարությունյանին։ Փաստաբանն ահազանգել նրանց սպառնացող վտանգի, իրավունքների խախտումների մասին։
«Լիանան մինչ այս պահը դեռ շոկի մեջ է։ Իր լարված վիճակին գումարվել է նաև ամբողջ գիշերվա ընթացքում երեխայի անքնությունը՝ կապված երեխայի փորլուծության հետ: Փորլուծության պատճառով ախտահարվել է երեխայի մաշկը: Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք»,- տեղեկացրել է փաստաբանը։
Հարությունյանը Փաստաբանն ասել է, որ երեխան գիշերը շատ անհանգիստ է եղել, նրան բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը։
«Բուժքույրը հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տալ «սմեկտա» դեղամիջոց և հեղուկ: Այսինքն, մանկահասակ երեխային մանկաբույժը չի զննել: Ես երեխային վերցնելով գիրկս նկատեցի, որ երեխայի թոքերը խզում են, երեխայի սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր, իսկ գլուխը և ձեռքի ափերը սովորականից շատ տաք էին: Իմ կարծիքով երեխան ջերմում էր: Ակնհայտ է, որ բանտախցի ոչ պատշաճ պայմանների առկայությամբ և ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման բացակայության պայմաններում երեխայի առողջությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ են»,- գրել է փաստաբանը։
Փոստանջյանի խոսքով՝ նրանց պահման վայրը բացարձակ պիտանի չէ որպես 8 ամսական երեխայ կեցության վայր:
«Այս ամենը պարզապես խախտումներ չեն, սա աղետ է։ Իրավական, բարոյական ու մարդկային բոլոր չափանիշներով՝ սա անընդունելի է։ Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և նրա հետ կալանավայրում գտնվող երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են։ Երեխայի նկատմամբ այսպիսի անտարբերությունն ուղղակի երեխայի և նրա մայրիկի նկատմամբ խոշտանգման փաստ է»,- եզրափակել է նա՝ ընդգծելով, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան պարտավոր են արձագանքել իրավիճակին։
Հուլիսի 11-ին Փոստանջյանն ահազանգել էր անչափահաս երեխաներ, այդ թվում՝ 8 ամսական երեխա ունեցող կնոջը կալանավորելու մասին։ Կինը մեղադրվում է անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: