ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեն դատարանից պահանջել է «Երևանյան կրկես» ՍՊԸ-ին պատկանող կրկեսի շենքն առգրավել ընկերությունից և ՀՀ սեփականություն ճանաչել, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի՝ Datalex.am կայքից։
2006 թվականին հիմնադրված «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն 2019 թվականի նոյեմբերից 76,5%-ով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: Նշենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, որի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորված է, 2011-ին հայտարարել էր կրկեսի վերանորոգման ծրագիրը ֆինանսավորելու և շուրջ 10 մլն դոլար ներդրումային ծրագրի մասին։
Պետական գույքի կառավարման կոմիտեն, մասնավորապես, հօգուտ ՀՀ-ի դատարանից պահանջել է «Երևանյան կրկես» ՍՊԸ-ից առգրավել ոչ միայն Կենտրոնի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող կրկեսի շենքը, այլև հարակից մակերեսով օժանդակ շինությունն ու հողամասը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելու նպատակով իշխանության ընդունած օրենքները։
Կարդացեք նաև՝