Կալանքի տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի՝ Datalex.am կայքից։
Կարապետյանը դատարանից պահանջել է Բաղդասարյանին և Չախոյանին պարտավորեցնել ներողություն խնդրել իր հասցեին արված վիրավորական և զրպարտիչ արտահայտությունների համար, հերքել դրանք և որպես փոխհատուցում՝ յուրաքանչյուրից բռնագանձել 9 մլն դրամ։
Գործարարի հայցի հիմք է դարձել Բաղդասարյանի՝ «Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են», ինչպես նաև «Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների․․․» ֆեյսբուքյան գրառումները։
Չախոյանի դեմ հայցը Կարապետյանը ներկայացրել է «Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն», «… պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա», «Սա Հայաստանն է, որտեղ պետության ու պետականության դեմ կռիվ տվողները, պետության զորությունը կզգան մռութներին», ինչպես նաև «Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում», «Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել», «Հայաստանը կոշկակարի բուտկա չէ, որ ով պատահի՝ նկարը կպցնի պատերին: Ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է …» բովանդակությամբ գրառումները։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին՝ ի պաշտպանություն Կարապետյանի ակցիայի ժամանակ, փաստաբան Արամ Վարդևանյանն ընթերցել էր գործարարի ուղերձը, որտեղ նա կոչ էր արել միավորվել նոր քաղաքական ուժի շուրջ:
Հուլիսի 4-ին Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար դատական հայցեր էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեմ՝ յուրաքանչյուրից պահանջելով 9 մլն դրամ։
Կարդացեք նաև՝