Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին մեկնաբանել են «Սրբազան պայքար» շարժման հայտարարությունը, թե «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը ձերբակելվել են: Կոմիտեից նշել են, որ ձերբակալության լուրը չի համապատասխանում իրականությանը։
Միևնույն ժամանակ՝ տեղեկացրել են, որ Շահնազարյանի ու Խաչատրյանի մասնակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։ Այլ մանրամասներ չեն հայտնել:
Հուլիսի 7-ի առավոտյան «Սրբազան պայքարից» հայտնել էին Շահնազարյանի ու Խաչատրյանի ձերբակալության մասին՝ հղում անելով իրենց աղբյուրներին:
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև շարժման 14 աջակիցների։ Նրանք մեղադրվում են պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Բոլոր կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը: