ՀՀ գլխավոր դատախազությունում վարչապետ Նիկոլի Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում, հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ ի պատասխան Armenia Today-ի հարցին, թե քրեական վարույթ հարուցելու հարցը դիտարկելու համար ուսումնասիրվե՞լ է արդյոք Փաշինյանի գրառումը։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։ Հունիսի 9-ին վարչապետը կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ՝ պնդելով, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի: Հունիսի 10-ի վաղ առավոտյան Փաշինյանն առաջարկել էր ստեղծել Համակարգող խումբ՝ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։