Ազգային արխիվից Ադրբեջանին ինչ-որ նյութեր տրամադրելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Իրավապահները չեն հստակեցրել՝ ո՞ր ժամանակաշրջանում են փոխանցվել այդ նյութերը և ի՞նչ նյութերի մասին է խոսքը։
ՀՀ Քննչական կոմիտեից թերթին հաստատել են քրեական վարույթի առկայությունը։
«ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար այլ տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ, համապատասխանաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում) և ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսությունը, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում)»,- հայտնել են ՔԿ-ից։
Ըստ թերթի աղբյուրի՝ Ազգային արխիվի որևէ աշխատակից այս վարույթի շրջանակներում չի ձերբակալվել և չի կալանավորվել։
«Այդուհանդերձ, քրեական վարույթով մեղադրյալ կա, ըստ ամենայնի՝ Ազգային արխիվի նախկին աշխատակից, սակայն ՔԿ-ն առայժմ փակագծեր չի բացում, ավելին, հայտնի չէ, թե կոնկրետ ե՞րբ է վարույթը նախաձեռնվել, ե՞րբ և ի՞նչ նյութեր են փոխանցվել Ադրբեջանին»,- գրել է թերթը։