Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էուլջեքչյանը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է բաժանմունքում, հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Մայիսի 9-ին լիբանանահայ Էուլջեքչյանի հացադուլի մասին տեղեկացրել էր Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը՝ նշելով, որ նա իր այդ քայլով պահանջել է զանգահարել կնոջը։ Կառույցը նամակ էր ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ներկայացնելով նրա վիճակն ու կոչ անելով քայլեր ձեռնարկել։
Էուլջեկչյանն Ադրբեջանի կողմից գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ 2021-ի հունիսին նա ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։ Նրա անունն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված վերադարձող գերիների ցուցակում էր, սակայն բացակայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած վերջնական ցուցակից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին մեկնաբանել Հայաստան վերադարձած բանտարկյալների թվում Էուլջեկչյանի բացակայության պատճառները։