Միխայիլ Խաչատուրյանի փաստաբանը դիմել է Մոսկվայի Բուտիրսկիի դատարան՝ պահանջելով գործի նյութերն ուղարկել Մոսկվայի քաղաքային դատարան՝ մեղադրական դատավճիռը վերանայելու համար, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Այդ դատավճռով առաջին ատյանը Խաչատուրյանին հետմահու մեղավոր էր ճանաչել՝ իր դուստրերի նկատմամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և սեռական բռնություն գործադրելու համար։
Ինչպես հայտնել են դատարանից, Խաչատուրյանի հարազատները ևս նույնաբովանդակ բողոք են ներկայացրել՝ նրա ռեաբիլիտացիայի պահանջով։
Վերաքննիչ բողոքների քննության ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։ Ավելի վաղ դատավճռի հրապարակումից հետո Խաչատուրյանի հարազատ քույրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ իր եղբոր աղջիկների ձեռքերը «արյունով են ծածկված», և խոստացել էր հետագայում հասնել նրա ռեաբիլիտացիային։
2022 թվականի մայիսին Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել էր։ ՔԿ-ն խստացրել էր նրա մեղադրանքը և ավելացրել պոռնկագրական նյութի տարածման հոդվածը։ 2025թ. ապրիլի 21-ին դատարանը Խաչատուրյանին մեղավոր էր ճանաչել: