Ադրբեջանի դատարանը գիտնական, ազգագրագետ Իգբալ Աբիլովին դատապարտել է 18 տարվա ազատազրկման՝ Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանցի քննիչները կարծում են, որ արտասահմանում բնակվող Աբիլովը գործել է հայկական հատուկ ծառայությունների հրահանգներով և կատարել է գործողություններ, որոնք ուղղված էին Ադրբեջանի տարածքում էթնիկ ատելություն և թշնամանք հրահրելուն։
Դատավարության ընթացքում Աբիլովը հերքել է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ ինքն ընդամենը գիտնական-ազգագրագետ է, որն ուսումնասիրում է Հարավային Կովկասի ժողովուրդների մշակույթն ու պատմությունը։
Մարդու իրավունքների պաշտպանները և թալիշական համայնքի ներկայացուցիչները (որին պատկանում է Աբիլովը – խմբ․) նրա գործը համարում են քաղաքական դրդապատճառներ ունեցող և հետապնդումները կապում են նրա գիտական աշխատանքի և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում ծավալած ակտիվության հետ։