Ադրբեջանում ապրիլի 29-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Աբրաամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը։
Բերմանը, բացարկը հիմնավորելով, նշել է, որ նախորդ դատական նիստերում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են, իսկ պաշտպանական կողմը դեռևս հնարավորություն չի ունեցել լիարժեք ծանոթանալ դատական բոլոր արձանագրություններին։
Դատավորը, սակայն, մերժել է քննել այս բողոքը: Դատական հաջորդը նիստը նշանակված է մայիսի 6-ին:
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել են Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում: