Վերաքննիչ վարչական դատարանը հետ է վերադարձրել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, հայտնել է «Գոյ» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
«Սունդուկյան թատրոնը փորձեց ճանաչվել «Գոյ»-ի իրավահաջորդ, այսինքն՝ մեզ փոխարինել, բայց դատարանն ասաց՝ ոչ»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ որոշումը փաստում է, որ «Գոյ» թատրոնն իրավաբանական անձ է, ոչ թե բեմ, շենք կամ հաստիքների քանակ։
«Նրա ստեղծագործական ու մշակութային ուղին չի կարող վերագրվել որևէ այլ կազմակերպության կամ պետական կառուցվածքի»,- նշել է ռեժիսորը։
Արզումանյանը շեշտել է, որ դա «ընդամենը միջնորդության վերադարձ է, բայց մի մեծ «ոչ» է այն պետական համակարգին, որն ուզում է մշակույթը տեսնել որպես լծակ՝ վերահսկման, լռեցման կամ հաշվեհարդարի»։
«Մենք ոչ միայն «Գոյ» թատրոնի անունն ենք պաշտպանում, այլև պաշտպանում ենք գաղափարը, որ ոչ մի թատրոն չպետք է դառնա «փակվող» կամ «փոխարինվող» ոմանց կամայական կամքի»,- նշել է նա և հավելել, որ պայքարն ավարտված չէ, առջևում է գործի բովանդակային քննությունը։
2023 թվականին ԿԳՄՍ-ն հայտարարել էր «Գոյ» թատրոնի և Սունդուկյանի անվան թատրոնի միավորման մասին՝ թատրոնի կողմից տարվա ֆինանսական պլանը գրեթե 3,4 միլիոն դրամով չկատարելու, ինչպես նաև հրավիրված ռեժիսորների հետ ներկայացումների բացակայության պատճառով։
Անձնակազմը 2024-ի հունվարին անվստահություն էր հայտնել «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին, իսկ ավելի վաղ դիմել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության՝ թատրոնը լուծարելու և Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու որոշումը։
2024-ի ապրիլին դերասաններն ակցիա էին իրականացրել ու հայտարարել, որ այս տարվա մարտի 24-ից չեն կարողացել օգտագործել իրենց հին անցագրերը շենք մտնելու և աշխատանքը շարունակելու համար։