Ինձ հետ կապված իրավական գործընթաց չկա և չի կարող լինել, լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հերքելով տեղեկությունը, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում» (ԱՆԻՖ) չարաշահումների գործով պատրաստվում է մեղադրանք առաջադրել իրեն։
Նա հերքել է նաև լուրը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «չեզոքացնելու» նպատակ ունի։ Ավինյանը Փաշինյանի հետ հարաբերությունները «մտերիմ» է անվանել։
Ապրիլի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով։ Ապրիլի 8-ին թերթը տեղեկացրել էր, որ սեպտեմբերին ՔՊ-ն նոր վարչության կազմ է ընտրելու, ու Փաշինյանն «ավինյանական թևին» չեզոքացնելու» նպատակ ունի»։
Ավինյանը 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր։ ԱՆԻՖ-ում չարաշահումների, իր կողմից պարտականությունները չկատարելու մեղադրանքներին անդրադառնալով՝ 2024-ի հուլիսին Ավինյանը հերքել էր դրանք՝ նշելով, որ ԱՆԻՖ-ը ճիշտ է կատարել առաջադրված խնդիրները։
2024-ի օգոստոսի 1-ին Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ իր հանձնարարությամբ ԱՆԻՖ-ում տեղի ունեցած ձախողումների հարցով ուսումնասիրություն է սկսվել, և այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործ կա։ Air Arabia ավիաընկերության և ԱՆԻՖ կողմից էր հիմնադրվել Fly Arna ավիաընկերությունը, որն այլևս չի գործում։ ԶԼՄ-ներն «ընկերության ձախողումը կապել էին նաև Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ էր հանդիսացել, որ ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում»: