Երկու անձ, որոնք ֆեյսբուքում կեղծ անձնական էջերով ներկայացել են որպես ԱՄՆ-ում բնակվող հայեր, մի քանի քաղաքացիներից հափշտակել են շուրջ 10,5 մլն դրամ (26,6 հազար դոլար), հայտնում է Քննչական կոմիտեն։
Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասիի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով` փողերի լվացումը): Պատժվում են ազատազրկմամբ՝ համապատասխանաբար մինչև 5 և 12 տարի ժամկետով։
Դ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ՝ կալանավորումը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Քննության տվյալներով՝ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց ընկերներին և բարեկամներին՝ նրանց անունից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր պատրվակներով պահանջել են գումար, որը ստանալու համար տրամադրել են այդ նպատակով իրենց կողմից նախապես ստեղծված հեռախոսահամարներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակները կամ ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների էլեկտրոնային դրամապանակների ու բանկային քարտերի տվյալները և հափշտակել են տուժողների կողմից փոխանցված գումարները:
Այնուհետև նրանք գումարը փոխակերպել են կրիպտոակտիվի, որը հետագայում վաճառել են այլ փոխանակման կետում՝ դարձնելով 10,5 մլն դրամ, որից հետո գումարները փոխանցվել են Դ.Գ.-ի և Ա.Հ.-ի անվամբ հեռախոսահամարներով գրանցված էլեկտրոնային դրամապանակների հաշվիներին՝ կատարելով փողերի լվացում: Պատճառված վնասից վերականգնվել է 686 հազար դրամը, ասվում է հաղորդագրության մեջ։