Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Միջազգային դատարան՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ ներկայումս ընթացող դատավարությունների վերաբերյալ, ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«2025 թվականի հունվար ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացվել են վերը նշված անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին: Ի պատասխան՝ ՀՀ-ն փետրվարի 27-ին ներկայացրել է իր դիտարկումները ադրբեջանական կողմից ներկայացված դիրքորոշումների և տեղեկությունների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել առավել մանրամասն տեղեկատվության տրամադրում»,- մանրամասնել են գրասենյակից:
Նշվում է, որ դատարանի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, և պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն:
Գրասենյակը հիշեցրել է, որ 2021-2024 թվականներին ՀՀ կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների, ինչպես նաև մի շարք այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջպետական գանգատներ են ներկայացվել և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և՛ Արդարադատության միջազգային դատարան։
Գրասենյակից հավելել են, որ ուժի մեջ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի, դեկտեմբերի 11-ի և 23-ի, 2021 թվականի փետրվարի 17-ի, 2023 թվականի նոյեմբերի 21-ի և 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումները, որոնք ընդունվել են միջանկյալ միջոցի կիրառման ընթացակարգի շրջանակում և վերաբերում են, ի թիվս այլնի, գերեվարված անձանց, այդ թվում այս պահին Ադրբեջանում գտնվող աձանց իրավունքների պաշտպանությանը:
Շարունակում է նաև ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով Դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։ Միաժամանակ, իր 2022թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ Դատարանն արձանագրել և ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հանձնառությունն՝ ապահովելու 2021թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ սահմանված վերոնշյալ պարտավորությունների կատարումը Ադրբեջանում պահվող ցանկացած հայազգի անձի նկատմամբ:
Հունվարի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ է ներկայացնելու միջազգային դատարաններ։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը երկրորդ անգամ հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ շինծու դատական գործով նիստում Վարդանյանը հացադուլի պատճառով իրեն վատ է զգացել, որից հետո դատավորը բուժզննման համար ընդմիջում էր հայտարարել։
Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, որտեղ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուսանկարում Վարդանյանի դեմքին կապտուկներ էին։ Փետրվարի 28-ին ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել քայլեր ձեռնարկել Վարդանյանին ազատելու համար։
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն «խորը մտահոգություն» էր հայտնել Բաքվի բանտերում հայ ռազմագերիների և պատանդների, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների կապակցությամբ։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի էր ունեցել ակցիա՝ իշխանություններից պահանջելով նպաստել հայ ռազմագերիների, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակմանը։