ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE) բերման է ենթարկել ՀՀ քաղաքացու, որի տվյալները համապատասխանում էին ԴՕԿ նախագահ` Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին:
ICE-ի կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ Ղուկասյանի տվյալներով քաղաքացին գտնվում է Նևադայի Հենդերսոն քաղաքի նախնական կալանքի մեկուսարանում։
Փետրվարի 27-ին ԴՕԿ կուսակցությունը հայտնել էր, որ 6 օր է, ինչ Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկացրել էին Ղուկասյանի հոսպիտալացման մասին։ Փետրվարի 28-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները բերման են ենթարկել Ղուկասյանին։
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նա դարձել էր մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործով։