Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) առաջարկել է մոնիթորինգային խումբ ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ տեղի ունեցող ապօրինի դատավարությունը։
«Փակ դռների հետևում, միջազգային մարդասիրական բոլոր իրավունքների ոտնահարմամբ, Բաքվում տեղի է ունենում հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Իրավական պաշտպանության բոլոր իրավունքները խիստ խոչընդոտված են։ Կան հիմնավոր զեկույցներ խոշտանգումների և տարրական իրավական պաշտպանության մերժման մասին»,- Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի իր ելույթում հայտարարել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ Բաքվում գերեվարված հայ ռազմագերիները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի զոհերն են։
«Անառարկելի փաստեր են ի հայտ եկել, որ կալանավորվածները կտտանքների են ենթարկվում։ Նրանց դատում են որպես ահաբեկիչների՝ սոսկ հայ լինելու հանգամանքով։ Հայտնի հումանիստ Ռուբեն Վարդանյանին (Արցախի նախկին պետնախարար), որը երբեք զինվորական կենսագրություն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացվող մեղադրանքը մոտենում է 200 տարվա դատապարտման։ Նրան մեղադրանքին ծանոթանալու խիստ սահմանափակ հնարավորություն է տրվել»,- ասել է Գալստյանը։
Նա շեշտել է, որ այս իրողությունները հաշվի առնելով՝ պաշտոնապես ԵԱՀԿ ԽՎ-ին առաջարկում է դիտորդական առաքելություն իրականացնել Բաքվում։ Գալստյանը հավելել է, որ դիտորդական առաքելությունն անհրաժեշտ է համոզվելու, թե որքանո՞վ է դատավարությունը համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին։ Նրա խոսքով՝ դիտորդական առաքելության ներկայությունը կապահովի դատական գործընթացների թափանցիկությունը և
կահազանգի, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող անհետևանք մնալ։
«ԵԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար»,- եզրափակել է նա։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդի դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
2025-ի փետրվարի 19-ին Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով ապօրինի դատավարության դեմ։ Վարդանյանը հացադուլ էր հայտարարել նաև 2024-ի ապրիլին՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և մյուս հայ գերիներին։ Ընտանիքի հորդորից հետո նա դադարեցրել էր հացադուլը։