Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն է պատրաստել, հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ռազմավարությունն անդրադառնում է այս ոլորտում իրավապահների գործողությունների արդյունավետության բարձրացմանը։
Նախարարը նաև հայտարարել է, որ ռազմավարությամբ առաջարկվում է քննարկել և իրականացնել հանրակրթական հաստատություններում թմրամիջոցների թեստավորման հայեցակարգը։ Ըստ նրա՝ դա թույլ կտա անչափահասների և երիտասարդների շրջանում շատ ավելի ճիշտ քաղաքականությամբ բարձր բացահայտողականություն ունենալ։
Սարգսյանը նշել է, որ ռազմավարությունը կքննարկվի առաջիկայում կառավարության նիստում։ Նա նշել է, որ թեև 2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 2023 թվականի համեմատ նվազել են 33,2 տոկոսով, սակայն թմրամիջոցների մաքսանենգության դեպքերն աճել են 111,4 տոկոսով։
Նախարարի խոսքով՝ սահմանին իրավապահների ավելի ինտենսիվ աշխատանքը ավելի լավ արդյունքներ է տալիս, իսկ սահմանին մեծ քանակությամբ թմրամիջոցների առգրավումը թույլ է տալիս կրճատել թմրամիջոցների իրացման դեպքերը։
«Մեթոդաբանական այս փոփոխությունները պիտի իրենց փոփոխությունը բերեն ընդհանուր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում, որովհետև, երբ մեծ խմբաքանակ ենք առգրավում, սա թույլ է տալիս ավելի քիչ ջանք գործադրել հետագայում արդեն իրացման դեպքերի հետևից գնալով և դրանք բացահայտելով»,- նշել է նա։
Սարգսյանը հայտարարել է նաև «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարելու նպատակով օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին։ Նրա խոսքով՝ փոփոխությունների արդյունքում քրեական պատասխանատվության առարկա է դառնալու հենց «քրեական ենթամշակույթ» կրողի կարգավիճակի առկայությունը։
Ներկայումս քրեական պատասխանատվություն է նախատեսված այս կարգավիճակը ստանալու, տրամադրելու և պահպանելու համար։
Նախարարի խոսքով՝ 2020-24 թվականներին «քրեական ենթամշակույթի» հոդվածով հարուցվել է 89 քրեական վարույթ, որոնցից մի քանիսն արդեն ուղարկվել են դատարան, իսկ մյուս գործերով նախաքննությունը շարունակվում է։