Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նա տեղեկացրել է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնիրավչություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մեկ տարի ժամկետով)։ Խոսնակը նշել է, որ կատարվում է նախաքննություն:
ԶՊՄԿ-ն փետրվարի 9-ին հայտարարել է, որ «ընկերության հետ առնչություն ունեցող անձինք հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում իրենց աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը»։ ԶՊՄԿ-ում ընդգծել են, որ սա «անընդունելի են համարում և իրավապահ մարմիններից մանրամասն ու համապարփակ քննություն են ակնկալում»։
«Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»,- հայտարարել են ընկերությունում։
Փետրվարի 7-ին ԶՊՄԿ-ում գործադուլի ֆոնին 8 աշխատակցի ազատել էին աշխատանքից՝ տեղեկացնելով, որ այդ պահից նրանց հայտարարությունները կրում են «մասնավոր բնույթ»։ ԶՊՄԿ-ն գործադուլի մասնակիցներին մեղադրել էր «սաբոտաժ հրահրելու» մեջ։
Ընկերությունից փետրվարի 6-ին հայտնել էին, որ ՀՀ իրավապահ մարմիններին հանցագործության մասին երեք հաղորդում են ներկայացրել։
Հունվարի 31-ից ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ գործադուլի միջոցով պահանջում են աշխատավարձերի 50%-ով բարձրացում և վերադասի հետ բաց երկխոսության ապահովում:
Փետրվարի 1-ին կոմբինատի մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանն Armenia Today-ին ասել էր, որ հունվարից ուժի մեջ է մտել ընկերության կողմից աշխատավարձերի հավասարեցման համապատասխան որոշումը, ինչը դժգոհություն էր առաջացրել։
«Նույն աշխատանքը կատարող մի շարք աշխատակիցներ տարիներ շարունակ ստացել են տարբեր չափի աշխատավարձ։ Ընկերության տնօրինությունը որոշել է հավասարեցնել աշխատավարձերը, ինչի արդյունքում բոլորի մոտ աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել։ Սակայն, բնականաբար, առավել ցածր վարձատրվողի աշխատավարձը բարձրացել է ավելի շատ, քան բարձր ստացողինը»,- պարզաբանել էր խոսնակը։
Մարգարյանը տեղեկացրել էր, որ դժգոհություն է արտահայտել 150 աշխատակից՝ պահանջով, որ բոլորի աշխատավարձն անխտիր բարձրանա 50%-ով։
ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե էր փոխանցել 33,25 մլրդ դրամ՝ որպես կառավարության շահաբաժին։