Սյունիքի մարզի դատարանի վճռով Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել, Armenia Today-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
2022 թվականի սեպտեմբերին Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված անփութության համար, որը հանգեցրել էր ծանր հետևանքների՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստների և մի շարք մարտական դիրքեր հակառակորդին հանձնելուն։
2023 թվականի հունիսին ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է։
2025-ի հունվարի 25-ին Սյունիքի դատարանն Արցախի ՊԲ նախկին հրամանատարին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով):
Հարությունյանն Արցախի պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի փետրվարի 24-ին։ Հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ծանր վիրավորվել էր և ՊԲ հրամանատարի պաշտոնում նրան փոխարինել էր Միքայել Արզումանյանը։