Փետրվարի 10-ին փաստաբանները իրավաբանական օգնության տրամադրումը, փաստաբանական ծառայություններն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատելու պահանջով բողոքի ակցիա կանցկացնեն, որոշումն ընդունվել է Փաստաբանների պալատի ակումբի փետրվարի 3-ին տեղի ունեցած նիստում։
Ըստ հայտարարության՝ փետրվարի 10-ին փաստաբաններն ի նշան բողոքի հրաժարվելու են Հայաստանի պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։
Փաստաբանները փետրվարի 3-ի նիստում քննարկել են 2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները, որով փաստաբանական ծառայություն մատուցողներից գործունեության համար այլևս շրջանառության 5% հարկ չի գանձվում։ Փաստաբանները փոփոխության հետևանքով գործում են հարկման ընդհանուր համակարգում՝ վճարելով 20% ԱԱՀ:
Նշվում է, որ շուրջ 1200 փաստաբանի կողմից ստորագրված հանրագիր է ներկայացվել կառավարություն՝ օրենքի փոփոխություններն ԱԺ ուղարկելու և ծառայությունները ԱԱՀ-ից ազատելու պահանջով։
«31 պատգամավորի կողմից գործող հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող դրույթների սահմանադրականության վիճարկվել է Սահմանադրական դատարանում»,- ասված է հայտարարության մեջ։
Փաստաբանների պալատից ընդգծել են, որ օրենքի փոփոխությունը բացասական ազդեցություն ունի անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա։
«Օրենքը բացառում է անվճար (pro bono) իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից, շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը, չնախատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում»,- մտահոգություն են հայտնել փաստաբանները։
Ակումբի նիստի մասնակիցները շեշտել են, որ օրենքը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգը և խտրական հարկային քաղաքականություն է փաստաբանական համայնքի նկատմամբ։