Հունվարի 29-ին դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին 4 տարի, 4 ամիս ժամկետով ազատազրկման է ենթարկել։ Հաշվի առնելով, որ 2021-ի դեկտեմբերի 15-ից մինչև 2024-ի հունիսի 15-ն Ասլանյանը 2 տարի, 7 ամսով ազատազրկման էր ենթարկվել՝՝ դատարանը սահմանված ազատազրկումը կրճատել է՝ դարձնելով 1 տարի, 9 ամիս։
Դատարանը նրա նկատմամբ ազատազրկման վճիռ է կայացրել ՀՀ Քրեական օրնսգրքի 441 հոդվածով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․)։
2013 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՔՕ 315-րդ հոդվածով (պաշտոնեական անփութությունը` պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը-խմբ․) առաջադրված մեղադրանքով Ասլանյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Դատարանի վճռով Ասլանյանը նաև տուգանվել է 500 հազար դրամով, 3 տարի ժամկետով զրկվել հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Ասլանյանը դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ պատրաստվում է բողոքարկել վճիռը։
«Դատավոր Սարգիս Դադոյանը կաշկանդված էր, ինչը երևում էր նրա հուզական վիճակից։ Մինչ այս պահն ինձ վերագրված մեղադրանքերի առնչությամբ որևէ փաստարկ ու վկայություն չկա»,- շեշտել է Ասլանյանը։
2024-ի հուլիսին Ասլանյանը 2 տարի, 7 ամիս անազատությունից հետո 10 մլն դրամ (ավելի քան 25 հազար դոլար) գրավի դիմաց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ էր արձակվել։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր։ Ասլանյանը ձերբակալվել էր 2021-ի դեկտեմբերին։ Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման և համայնքային նշանակության հողերի ապօրինի վաճառքի մեջ: Ասլանյանը 2016-ի հոկտեմբերի 10-ից մինչև 2021-ի հոկտեմբերի 10-ն զբաղեցնում էր Վանաձորի քաղաքապետի պաշտոնը։