ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկմտում է ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու և ՔՊ-ից հեռացնելու շուրջ, գրել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ ներիշխանական կուլիսներում դեռ շարունակում է քննարկվել նրա հեռացման հարցը։ Նշվում է, որ դեկտեմբերի 29-ի երեկոյան Սևանի ափին գտնվող կառավարական առանձնատանը Փաշինյանը ՔՊ մի քանի ներկայացուցիչների հետ «մինի ժողով» է արել, որում քննարկվել է Քոչարյանի թեման։
«Իշխանականների մի խումբ պնդել է, որ Քոչարյանի հարցը բարձրացվեց, թեժ քննարկվեց, բայց հետևանքներ չեղան, ինչը ՔՊ վարկանիշի վրա վատ ազդեցություն է ունեցել։ Նրանք պնդել են, որ Քոչարյանի հետ պետք է պատժվեն նաև նրա մտերիմները (պատգամավորական խումբ)՝ Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, որոնց մեղադրում են Քոչարյանի համախոհները լինելու համար»,- պարզաբանել է մամուլը:
Թերթի տեղեկությամբ՝ պատգամավոր Վահե Ղալումյանը և եղբայրը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, փորձել են պաշտպանել Քոչարյանին՝ ասելով, թե «արդեն դասեր է քաղել, խելոքացել է, պետք չէ խիստ պատժել նրան»: Փաշինյանը միայն լուռ լսել է, սակայն կարծիք չի հայտնել, հավելել է թերթը։
2024 թվականի նոյեմբերին մամուլը գրել էր, որ ՔՊ վարչությունում կքննարկեն իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը։ Հոկտեմբերի 29-ին «Ազատությունը» հայտնել էր, որ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց է բարձրացվել, ավելի ուշ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ իրենց օրակարագում նման հարց չկա։
Հոկտեմբերի 30-ին մամուլը գրել էր, որ իշխող թիմում հարաբերությունները սրվել են Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասին լսումներից հետո։ Ըստ թերթի՝ Քոչարյանը Փաշինյանին դժգոհել էր, որ հոկտեմբերի 15-ին իր նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորից միայն մի քանիսն էին։