Դատախազը 2025 թվականի հունվարի 3-ին հաստատել է Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել խմբասենյակներից մեկի երեխաներին, նրանց նկատմամբ դրսևորել են դաժան վերաբերմունք, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ նրանք 2024 թվականի ընթացքում՝ իրենց հերթափոխի ժամանակ, պարբերաբար, հարվածներ են հասցրել և բռնի այլ գործողություններ են կատարել խնամարկյալների նկատմամբ: Նրանք օգտվել են այն հանգամանքից, որ ՊՈԱԿ-ի շահառուներն իրենց անօգնական վիճակի՝ հիվանդության, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և այլ պատճառներով չեն կարող պաշտպանել իրենց շահերը»,- մանրամասնել են դատախազությունից։
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 7 տարի ժամկետով), (3 դրվագ) և Ն․Մ․-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (4 դրվագ):
Դատախազությունից հավելել են, որ դայակը և բուժքույրն ազատված են աշխատանքից: 2025 թվականի հունվարի 3-ին Ռ.Մ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է իրավասու դատարան: