ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով, հայտնել է պաշտպանների խումբը։
«Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների»,- հայտնել են պաշտպանները:
Նշվում է, որ նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո այս փուլում չեն կարող մանրամասներ հաղորդել, սակայն Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:
«Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության»,- հայտնում է խումբը:
Խաչատրյանին կալանավորել էին հունվարի 15-ին՝ Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին մասնակցելու կասկածանքով։ Դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցվել Քրեական օրենսգրքի խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն կրելու և զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Մարտի 4-ին դատարանը Խաչատրյանի կալանքը փոխարինել էր երկրից չհեռանալու մասին արգելքով։ Նրա նկատմամբ կիրառվել էր 5 մլն դրամ գրավ։
Խաչատրյանը պաշտոնանկ էր արվել 2020 թվականի հունիսի 15-ին։ 2021 թվականի մարտի 24-ին պաշտոնը վերականգնելու պահանջով նա հայց էր ներկայացրել այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի դեմ։ Վարչական դատարանը, սակայն, մերժել էր հայցը։
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր հարսն ստիպված ընդունել է մեղքը՝ իրավիճակը մեղմելու համար․ ԶԼՄ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր հարսը` Անի Գևորգյանը, ստիպված ընդունել է մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, գործը...