Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դատարանում պարտվել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխանի Սաղաթելյանի դեմ հարուցված բոլոր չորս գործերով, Facebook-ի իր էջում հայտնել է Սաղաթելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը։
Նա պարզաբանել է, որ Երևանի քաղաքապետը Սաղաթելյանի դեմ հայցեր էր ներկայացրել 2022թ․ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների համար` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 1 մլն 200 հազար դրամի չափով:
Փաստաբանը նշել է, որ 2023թ․ վարչական դատարանը 4 գործով իրենց պահանջը բավարարարել է և մերժել Ավինյանի հայցերը։ Քաղաքապետը պարտվել է նաև Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում։
«Քիչ առաջ ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետ(արան)ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,- գրել է Գրիգորյանը:





































