ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը, Armenia Today-ին հայտնել են դատախազությունից։
Պատգամավորի հաղորդումը դատախազությունում ստացել են դեկտեմբերի 19-ին։ Նույն օրը Թովմասյանը գրառում էր արել ու դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել Չախոյանի կողմից իր մասին արված հայտարարություններով: Նա, մասնավորապես, նշել էր, որ Չախոյանի թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ միջազգային գործընկերներին ուղարկել էր գրություններ պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական տվյալների պաշտպանության խախտումների մտահոգիչ փաստերի վերաբերյալ։
«Գրության մեջ շեշտել էի, որ Չախոյանի հետ փոխկապակցված կայքերն Աղազարյանի սեռական կողմնորոշման մասին թիրախավորված հոդվածներ են գրել: Այդ գրություններից հետո հայտնվել եմ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի թիրախում: Նա իր սոցցանցի էջում և իրեն փոխկապակցված կայքերում թույլ է տվել ոչ միայն վիրավորական ու անպատասխանատու գնահատականներ իմ անձի վերաբերյալ, այլև տարածել է բացարձակ սուտ պատմություն, թե իբր տարիներ առաջ ինչ-որ նիստի ընթացքում ապօրինի ձայնագրել եմ Փաշինյանի խոսքերը և դա փոխանցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր եմ արել ՔՊ նիստերից»,- ընդգծել էր Թովմասյանը։
Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնվել երրորդ անձանց մոտ։ Դեկտեմբերի 4-ին պատգամավորը հայտարարել էր, որ իր հեռախոսը քննիչի մոտ էր ավելի քան 10 օր, որից հետո այն փոխանցել են Փաշինյանին, իսկ հեռախոսի տեղեկությունները ՔՊ-ում քննարկման առարկա են դարձել։ Փաշինյանը հերքել էր պատգամավորի հայտարարությունները՝ պնդելով, որ պատգամավորի հեռախոսում հայտնաբերվել է պետական անվտանգությանը սպառնացող տեղեկատվություն: Հակակոռուպցիոն կոմիտեն դեկտեմբերի 21-ին մերժել էր Աղազարյանի անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ վարույթ հարուցելու դիմումը։